Կիլիկիո Կաթողիկոսությունը ծրագրում է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական համագումար
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը նախապատրաստվում է նշել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը: Կաթողիկոսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության հետ կապված պատմական, մշակութային, հոգևոր, ռազմական և այլ ասպարեզներում արձանագրված աշխատանքներին ուշադրություն դարձնելու, վերլուծություններ կատարելու և դրանց այժմեականությունը շեշտելու համար Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ծրագրում է 2018 թ. ապրիլին կազմակերպել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական համագումար: Համագումարի օրերին տեղի են ունենալու նաև մշակութային միջոցառումներ:
Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը համահայկական մասշտաբով նշելու նպատակով կազմվել է հանձնախումբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահությամբ: Հանձնախմբի անդամներն են Երվանդ Փամպուքյանը, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, Շահան Գանտահարյանը, Կիրո Մանոյանը, Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Խաչիկ Տետեյանը։
Համագումարին կհրավիրվեն պատմաբաններ, մտավորականներ, արխիվագետներ, պետական և հասարակական գործիչներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից: