Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ. Արամ Ա կաթողիկոս
Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն իր խոսքում շեշտել է. «Հայաստանը զբոսավայր չէ, Հայաստանը բիզնեսի շուկա չէ, Հայաստանը անցագիր չէ, վայ մեզի, որ միայն այսպես պիտի մոտենանք Հայաստանին: Հայաստանը հայուն հավաքական տունն է, անցյալի, ներկայի ու ապագայի տունը»
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել համազգային մենթալիտետի մշակույթ։ «Անհրաժեշտ է բաց լինել վաղվա օրվա նոր հորիզոններին և հակազդել մարտահրավերներին։ Ժամանակի նշանները պետք է ճիշտ կարդալ։ Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնայնություն է»,– ընդգծել է Արամ Ա-ն։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու սփյուռքը միայն գործընկերներ չեն։ Արամ Ա-ն նշել է, որ անհրաժեշտ է արդյունավետ և ճիշտ օգտագործել սփյուռքի ներուժը։ «Սակայն այդ համագործակցությունը պետք չէ դիտարկել տնտեսական նախագծերի տեսքով միայն։ Մեր բազմադարյա պատմությունը վկայում է, որ ժողովրդի փրկությունը հավաքական ուժի մեջ է։ Սփյուռքի հզորացումը Հայաստանի հզորացումն է և հակառակը»,-նշել է Արամ Ա կաթողիկոսը։