Ալիևների ընտանիքը 2,8 մլրդ դոլարանոց գաղտնի հաշվի միջոցով կաշառել է եվրոպացի գործիչներին. նոր հետաքննություն
Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ: Այս մասին գրում է «BBC»-ն:
Ըստ լրատվամիջոցի, այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից:
Գումարն անօրինական կերպով ուղարկվել է Միացյալ Թագավորությունում գործող և ստվերային գործունեություն ծավալող ընկերությունների միջոցով: Կաշառված անձանց, այդ թվում և եվրոպացի քաղաքական գործիչներին վճարել են Ադրբեջանի կառավարությանը հաճո դիրքորոշում ցուցաբերելու համար:
Չկա համոզվածություն, որ գումարը ստացած բոլոր անձինք տեղյակ են եղել, թե որն է այդ գումարի աղբյուրը: Գաղտնի հիմնադրամը, որի կեղծանունը եղել է «Ադրբեջանական լվացքատուն», գործել է երկու տարի՝ մինչև 2014 թվականը: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի զեկույցում նշվում է, որ թեպետ գումարի աղբյուրը հայտնի չի եղել, սակայն կան «բավարար ապացույցներ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապ ունենալու վերաբերյալ»:
Պաշտոնական Բաքուն այս հետաքննությանը որևէ կերպ դեռևս չի արձագանքել: