Այս հայրենիքը մասնատել փորձողներին ցանկացած տեղում կթաղենք. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համայնքապետների հետ նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը խոսել է Սիրիայի քրդական ուժերի մասին, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Էրդողանի խոսքով Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD)-ը և վերջինիս ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG)-ը Սիրիայի հյուսիսում պետություն ստեղծեն:
Էրդողանն ասել է, որ երբ որոշ մարդիկ խոսում են Սիրիայի հյուսիսում քրդական պետություն ստեղծելու մասին, նա այդ ամենը ընկալում է որպես վիրավորանք՝ ուղղված իր «քուրդ եղբայրներին»:
Ըստ Էրդողանի՝ Սիրիայի քրդերը ցանկանում են Թուրքիայի հետ սահմանին՝ Սիրիայի հյուսիսում, ստեղծել «ահաբեկչական միջանցք», որը հասնելու էր մինչև Միջերկրական ծով: Նա շեշտել է, որ այն, ինչ իրենք քուրդ զինյալների դեմ անում են այժմ Թոնդրակում, Քանդիլում (Հյուսիսային Իրաք), Գաբարում և Շըրնաք նահանգի Բեսթլեր-Դերելեր շրջանում, նույնը իրականացվելու է բոլոր այն վայրերում, որտեղ կան քուրդ գրոհայիններ:
«Մենք 80 միլիոնանոց միասնական պետություն ենք: Այս հայրենիքը մասնատել փորձողներին ցանկացած տեղում կթաղենք: Այժմ Սիրիայի հյուսիսում մեր վերահսկողության տակ է գտնվում 2.000քկմ տարածք»,- ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ հավելել է Էրդողանը: