Մենք մեր սկզբունքներից չենք հրաժարվում. Սասուն Միքայելյան
![](/timthumb.php?src=disc/04-07-17/4dd8815af97251092568d21095494501.jpeg&w=450)
Այսօր՝ հուլիսի 4-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, խոսելով ընդդիմության միավորումից, նշեց. «Իմ էությամբ ես զինվոր եմ, պատրաստ եմ պայքարի, որ այս ժողովրդին այս իրավիճակին դուրս բերենք»:
Նա նշեց, որ այս տարիների ընթացքում մշտապես փորձեր են արվել միավորել ընդդիմությունը, սակայն եթե չկա գաղափարական հենք, ապա դա անհաջողության է դատապարտված: «Մարդիկ կան, ովքեր ցանկանում են իրենց անձնական հարցերը լուծել, դիվիդենտներ շահել»,-նկատեց նա՝ հավելելով, որ իրենց դաշինքում արժեհամակարգ է ձևավորվել:
Հարցին, թե հեղափոխության տանելու ծրագիր ունի «Ելքը», նա պատասխանեց. «Մենք հեղափոխականներ չենք, բայց իրավիճակից ելք պիտի գտնենք, դուրս գանք: Մեր ծրագրում գրված է, որ իրավիճակից ելնելով կարող են տարբեր ելքեր լինել»:
Սասուն Միքայելյանն ասաց, որ իրենք իրենց պայքարը տարել են, ժողովրդին ասել են, որ նրանց տված ձայները պահպանելու են, հիմա էլ այդ իրավունքն են պահպանում: «Այսօր Ազգային ժողովում անում ենք այն, ինչ խոստացել ենք, մենք մեր սկզբունքներից չենք հրաժարվում»,-եզրափակեց պատգամավորը: