Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար
Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան
գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են բանկի հետ համագործակցությամբ իրականացվող
ճանապարհաշինական մի շարք ծրագրեր, ինչպիսիք են՝ Մ-6 Վանաձոր - Ալավերդի -
Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման և
«Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագրերը։
Քննարկվել են նախագծերի հետ կապված գործնական հարցեր, կատարման
ժամկետներին ու որակին առնչվող մանրամասներ։
Վահան Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է բոլոր
նախագծերի շուրջ բազմակողմանի քննարկումների։ Նա հույս է հայտնել, որ
ապագայում, նաև ԱԶԲ-ի խորհրդատվությամբ, հնարավոր կլինի
պատվիրատու-պայմանագրի կատարող հարաբերությունները հասցնել ավելի բարձր
իրավական մակարդակի։
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենն էլ իր հերթին աջակցություն է հայտնել
ընթացիկ նախագծերի իրականացման և վերահսկման գործում: Նա հույս է հայտնել,
որ այսուհետ ևս երկկողմ համագործակցությունը կլինի շարունակական։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն