Գերմանիան էլ ավելի է սրում հարաբերությունները Թուրքիայի հետ
Առանց այդ էլ բավական ծանր վիճակում գտնվող թուրք-գերմանական հարաբերություններն էլ ավելի կսրվեն Գերմանիայի իշխանությունների որոշումից հետո, որի համաձայն Մերկելի կառավարությունը սկսել է քաղաքական ապաստան տրամադրել Թուրքիայի այն քաղաքցիներին, որոնց Էրդողանի վարչակարգը մեղադրում է անցյալ տարվա հուլիսի 15-ին պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ:
«Süddeutsche Zeitung»-ի տեղեկություններով գերմանական կառավարությունը սկսել է քննել և ապաստան տրամադրել այն 414 թուրքերին, որոնք Թուրքիայում անհաջող պետական հեղաշրջումից հետո կամ փախել էին Գերմանիա, կամ էլ գտնվելով Գերմանիայի տարածքում հրաժարվել էին հետ վերադառնալ Թուրքիա: Նրանց մեծ մասը զինվորականներ և դիվանագետներ են:
Անգելա Մերկելի կառավարության այս որոշումն էլ ավելի կսրի հարաբերությունները Անկարայի հետ,որն ամեն գնով փորձում է Թուրքիա վերադարձնել այն բոլոր քաղաքացիներին, որոնց հաջողվել էր անհաջող պետական հեղաշրջման փորջից հետո ճողոպրել Էրդողանից և պատսպարվել արտասահմանում:
Թուրքիայի ղեկավարությունը բավական ծանր է տանում թուրք ընդդիմադիրներին պատսպարած երկրների կողմից նրանց ապաստան տրամադրելու փաստը: Սկզբից Հունաստանն էր, իսկ հիմա էլ Գերմանիան:
Հիշեցնեմ,որ թուրք-գերմանական հարաբերությունները կտրուկ սրվեցին ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ, երբ Գերմանիայի իշխանությունները կտրականապես արգելեցին թուրք նախարարներին Էրդողանի սահմանադրության գովազդով զբաղվել Գերմանիայի տարածքում:
Հ.Գ. Ի դեպ, Թուրքիայի Գլխավոր դատախազությունը պահանջել է ԱՄՆ-ում բնակովող հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին, ում Էրդողանը մեղադրում է պետական հեղաշրջման փորձ անելու մեջ, դատապարտել 2900 տարվա ազատազրկման: Ինչպես ասում են՝ «առանց մեկնաբանությունների»:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք