26 տարի առաջ այս օրն ընկավ Գետաշենը
Տարիներ հետո Գետաշենի երգը դարձավ համալսարանական ուսանողների սիրելի երգերից մեկը՝ կրելով մինչև վերջ պայքարելու անկոտրում ոգին և անցյալի դասերը քաղելու հրամայականը:
1991թ. ապրիլի 30-ին Կիրովաբադում տեղակայված խորհրդային բանակի դիվիզիան` տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ առավ Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Այս գործողությունից ժամեր անց հետևեց Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ազերի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Շահումյանի շրջանից հայ էթնոսի զտմանն ուղղված այս գործողությունը ստացավ «Կոլցո» անվանումը:
Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով հայաբնակ գյուղերի բնակիչները բռնի կերպով ուղղաթիռներով արտաքսվեցին Ստեփանակերտ կամ Կիրովաբադ, ապա` Հայաստան։ Ինքնապաշտպանության ղեկավարներ Թաթուլ Կրպեյանը և Սիմոն Աչիկգյոզյանը (Դեդ) զոհվեցին անհավասար կռվում: Գործողությունները տևեցին մեկ շաբաթ։ Տասնայակից ավելի խաղաղ բնակիչներ, հիմնականում՝ տարեց մարդիկ, գնդակահարվեցին ու կացնահարվեցին։ Շուրջ հարյուր տղամարդու օմօնականները գերեվարեցին Կիրովաբադ։
Ականատեսների վկայությամբ, օպերացիայի առաջին իսկ օրվանից շրջակա ադրբեջանական գյուղերի հազարավոր բնակիչներ խուժեցին Գետաշեն ու Մարտունաշեն և սկսեցին թալանել հայերի ունեցվածքը։ Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի խաղաղ հայ բնակչության դեմ խորհրդային բանակի և Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության այս գործողության արդյունքում այդ շրջանների բոլոր հայկական գյուղերը (22 գյուղ) հայաթափվեցին:
Արմեն Խաչիկյան.ֆեյսբուք: