Աղետներից պաշտպանելու պետական զրահաբաճկոնը
Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման առումով, բնատնտեսական և այլ առանձնահատկություններով պայմանավորված, ոլորտը հանդիսանում է բարձր ռիսկային: Դրա հետ մեկտեղ Հայաստանում գյուղատնտեսական արտադրությունը կազմակերպվում է ընդարձակ տարածքների վրա, բազմաբնույթ ուղղություններով, որը լրացուցիչ ծախսեր և ջանքեր է պահանջում բնակլիմայական աղետների կառավարման համար: Տարբեր բնական աղետների՝ կարկուտ, երաշտ, ցրտահարություն, և անկանխատեսելի պատահարների հետևանքով զգալի կորուստներ են կրում գյուղատնտեսությունում տնտեսավարողները:
Մոտավոր հաշվարկով բնական տարբեր աղետներից` գարնանային ցրտահարություններից, կարկտահարությունից տարեկան վնասվում են 30-35 հազ. հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների տարածքներ, որը բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա:
Բնակլիմայական աղետների վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է պետական քաղաքականության հստակեցումը և վերջինիս հիման վրա համապատասխան միջոցառումների իրականացումը: 2014-2025 թվականների Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի կարևոր խնդիրներից մեկը նաև գյուղատնտեսական ռիսկերի մեղմացումն է:
Այս հարցում առաջնահերթ նշանակություն ունի բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգը, որը հավանության է արժանացել գործադիրի կողմից: Հայեցակարգի հիմնական նպատակը` բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության դիմակայունության մակարդակի բարձրացման, ոլորտի ռիսկերի մեղմման ու հասցվող վնասների կանխարգելման բնագավառում քաղաքականության հիմնական ուղղությունների կանխորոշումն է:
Էկոնոմիկան թվերով. Ֆեյսբուք