Ռուս-ամերիկյան հարաբերությունները այսքան խորը ճգնաժամում չէին եղել անգամ Օբամայի օրոք
Թիլլերսոնի այցի ու Լավրովի հետ բանակցությունների ֆոնին արված Պուտինի այս հարցազրույցը անհնար է դիտարկել այլ կերպ, քան Ռուսաստանի վերջնական ու սկզբունքային դիրքորոշումը Իդլիբի քիմիական գրոհի ողջ պատմության մեջ։
Դիրքորոշումն էլ պարզ է ու հստակ․ եղբայր, կամ Ասադի օդուժը, չիմանալով, թե ինչ է այնտեղ, հարված է հասցրել իսլամիստների քիմիական զենքի պահեստի, կամ էլ հենց դուք եք բեմադրել այս ողջ պատմությունը, որպեսզի ինչ-ինչ նպատակների հասնեք։
Ի՞նչ է նշանակում սա։ Ի հեճուկս մեր գեղական-տնական որոշ «վերլուծաբանների» պատկերացումների, Պուտինը՝ Ժիրինովսկին չէ, ու չի կարող նման կարևոր բանակցությունների ֆոնին ՌԴ նախագահը մի դիրքորոշւմ հայտնել, իսկ հետո՝ ինչ-ինչ դիվիդենտների դիմաց, իր խոսքերից հրաժարվել։ Ասել կուզեմ՝ զուր մի սպասեք, որ հեսա Ռուսաստանը վեր կկենա ու կասի, որ Ասադն է իրոք մեղավորը ու դրա դիմաց ինչ-որ շահեկան լուծումներ կստանա Սիրիայում, Ուկրաինայում, պատժամիջոցների մեղմացման հարցում և այլն։
Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալում է կայանում․ Ասադը չի ձեռնարկել քիմիական գրոհ, ուստի մենք չենք ճանաչի ու ընդունի որևէ գործողություն, որը հենված կլինի այդ հիպոթեզի վրա։ Այլ հարց է, թե որքան հեռու է պատրաստ գնալ Ռուսաստանն իր դաշնակցային համբավը պահպանելու համար, և որքան հեռու է պատրաստ գնալ ԱՄՆ-ը՝ Ռուսաստանի քիթը Սիրիայում տրորելու համար։
Դատելով ռուսական ԶԼՄ-ների շեշտադրումներից ու տրամադրություններից, Ռուսաստանում էլ չգիտեն այս հարցի պատասխանը ու լարված սպասում են Թիլերսոն-Լավրով բանակցությունների հանգուցալուծմանը։ Մնում է արձանագրել միայն, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները այսքան խորը ճգնաժամում չէին եղել անգամ Օբամայի օրոք։
Կոնստանտին Տեր-Նակալյան. Ֆեյսբուք