Պարտվողը պետք իրեն պահի տղամարդավարի ու արժանավայել, իսկ հաղթողը` մեծահոգի և արժանապատիվ
Ազգային ժողովի այս ընտրություններով՝ նկատված, արձանագրված թերություններով, բացթողումներով հանդերձ, մենք նոր և ողջունելի արդյունքի հասանք, երբ ընտրական գործընթացներն անցան առանց հետընտրական լուրջ ցնցումների և փողոցային ընդվզումների ու լարվածության:
Այդ ամենի ֆոնին, զարմանք ու տարակուսանք է հարուցում մեր որոշ ընդդիմադիր գործիչների փոխադարձ գնահատականները միմյանց:
Քաղաքականությունը ներկայացնող և քաղաքական գործչի համբավ ունեցող և մշտապես ընտրողի, քաղաքացու համակրանքը և հարգանքը վայելող, քաղաքական պայքարում թրծված գործիչներն իրավունք չունեն իրենց պարտությունն իջեցնել բակային խոսակցությունների մակարդակի:
Պարտվողը պետք իրեն պահի տղամարդավարի ու արժանավայել, իսկ հաղթողը միշտ հաղթողի կերպարում՝ մեծահոգի և արժանապատիվ, մնա իր բարձրության վրա: Հատկապես, երբ համոզված է, որ ինքն արդարացի է և գնահատականները ոչ իրական:
Մի իջեցրեք ձեր քաղաքական գործչի նշաձողը, դուք այն վաստակել եք ձեր անցած բարդ, դժվար, տքնաջան, երբեմն հակասական, հաճախ հաստատակամ և խելացի քայլերի և քաղաքական ակտիվ պայքարի արդյունքում, ուստի շարունակեք մնալ այդ բարձրության վրա, առանց միմյանց վրա ցեխ շպրտելու և վիրավորանքների:
Ողջախոհ եղեք և մի տրվեք քաղաքական անլուրջ, անպտուղ և անհիմն «ռազբորկաների»: Դուք դեռ շատ անելիքներ ունեք մեր երկրի քաղաքացիական հասարակության ձևավորման և քաղաքակիրթ քաղաքական դաշտի կայացման գործում:
Դե՛ իսկ չարախնդողների, կրակի վրա յուղ լցնողների և ձեռքերը հրճվանքից շփողների մասին էլ չեմ խոսում: Դուք ակամա ձեր դեմքն եք ցույց տալիս և ճիշտ են ռուսները. «Кажды думает в меру своей испорченности»:
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք