Հայուհի Kristina Si-ին արգելել են մտնել Ուկրաինա (տեսանյութ)
Ուկրաինան արգելել է հայտնի աղջիկ ռեփեր Քրիստինե Սարգսյանին, ով առավել հայտնի է Kristina Si անունով, մտնել երկիր Ղրիմում ամռանը ելույթ ունենալու պատճառով: Այս մասին գրում է «НТВ» հեռուստաընկերությունը:
Ինչպես հաղորդել է Ուկրաինայի սահամանապահ պետական ծառայությունը, այսօր առավոտյան օդանավակայանում «ՌԴ քաղաքացի Քրիստինե Սարգսյանի կողմից Ուկրաինայի Սահմանադրությունը, մասնավորապես՝ Ուկրաինայի պետական սահմանը հատելու հնարավոր խախտման մասին» տեղեկությունը ստուգելիս աշխատակիցները պարզել են, որ երգչուհին «ապօրինի կերպով» նախկինում եղել է Ղրիմում, որն Ուկրաինան իրենն է համարում:
Աշխատակիցներն արձանագրություն են կազմել խախտման մասին և արգելել են նրան երկիր մտնել երեք տարով: «Մոտակա չվերթով նա կլքի Ուկրաինայի սահմանները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Երգչուհին Instagram-ի իր էջում գրել է. «Նորմալ է, կգնամ, սակայն այլևս չեմ գա (3 տարի): Շնորհակալություն»: