Կայացավ Սիրուշոյի ձայնասկավառակի շնորհանդեսը (տեսանյութեր և լուսանկարներ)
Տեղի ունեցավ երգչուհի Սիրուշոյի ձայնասկավառակի շնորհանդեսը: Ներկա էին բազմաթիվ հյուրեր, շոու բիզնեսի վառ ներկայացուցիչներ, ինչպես նաև ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, ծնողները՝ երգչուհի Սյուզան Մարգարյանը և դերասան Հրաչյա Հարությունյանը:
Սյուզան Մարգարյանը շատ հուզված էր: Նա նախ շնորհավորեց Սիրուշոյին, այնուհետև` նշեց, որ մեծ ոգևորություն է ապրում: «Շատ հուզված և ոգևորված եմ: Այս ամենն անչափ ոգևորող է, և ես նույնիսկ արցունքներս չկարողացա թաքցնել: Շատ բարձր եմ գնահատում աշխատանքը»,- նշեց երգչուհին:
Ռեժիսոր Հրաչյա Քեշիշյանն էլ կիսվելով իր տպավորություններով, նշեց, որ ամեն ինչ շատ գեղեցիկ էր և տպավորիչ հատկապես այն փաստը, որ այդքան մեծ բանակ կար երկրպագուների, քանի որ նրա համար դա ևս մեկ ցուցանիշ է, որ Սիրուշոն իրական աստղ է:
Երգիչ Անդրեն, նախ շնորհավորեց Սիրուշոյին և նշեց, որ եկել է, քանի որ նրա ընկերը, ավագ եղբայրն է: Ըստ նրա՝ որքան էլ հիմա ձայնասկավառակները կորցրել են իրենց ուժը, քանի որ հիմա համացանցից ներբեռնելու հնարավորությունները շատ են, բայց, այնուամենայնիվ, արտիստի համար դա մի կարևորագույն իրադարձություն է:
Սիրուշոն ներկայացավ հանդիսատեսին ձայնասկավառակի երգերով, որտեղ կային և՛ արդեն հնչեցված երգեր, և՛ նորություններ: Երկրպագունները հնարավորություն ունեցան նաև գնել ձայնասկավառակը տեղում և մոտենալ երգչուհուն, որպեսզի նա ստորագրություն թողնի ձայնասկավառակի շապիկին, ոմանք նույնիսկ հասցնում էին լուսանկարվել նրա հետ: