Դիլանը մեկնաբանել է Նոբելյան մրցանակ ստանալու լուրը
Երկու շաբաթ անց ամերիկյան բանաստեղծ, երգիչ-երգահան, կոմպոզիտոր Բոբ Դիլանը արձագանքել է իրեն գրականությունից Նոբելյան մրցանակ շնորհելու լուրին: Նա կապ է հաստատել Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսի հետ` ասելով, որ անպայման կընդունի մրցանակը:
«Ընդունո՞ւմ եմ մրցանակը: Իհարկե: Նոբելյան մրցանակի մասին լուրը ինձ ընդարմացրել էր: Ինձ համար մեծ պատիվ է», - Սառա Դանիուսին ասել է երաժիշտը:
Հիշեցնենք, որ 2016 թ.-ի հոկտեմբեր 13-ին Շվեդական ակադեմիան հայտարարել էր, որ այս տարվա Նոբելյան մրցանակը գրականությունից շնորհվելու է Բոբ Դիլանին` «ամերիկյան երաժշտության ավանդույթի մեջ նոր բանաստեղծական պատկերներ ստեղծման համար»:
Սակայն ակադեմիան չէր կարողանում կապ հաստատել նրա հետ: Վերջինս համերգով հանդես էր գալիս Լաս Վեգասում, սակայն ելույթի ժամանակ մրցանակի մասին այդպես էլ չէր նշել: Նա գրականությունից Նոբելյան մրցանակ ստացած առաջին երգահանն է: