«Forbes»-ը ներկայացրել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց
«Forbes»-ը ներկայացրել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց և նրանց եկամուտները: Արդեն 4-րդ անգամ Ռուսաստանի ամենահարուստ կին է հայտարարվել մայրաքաղաք Մոսկվայի նախկին քաղաքապետի` Յուրիա Լուժկովի կինը` «Inteco Management» դիտորդական խորհրդի նախագահ Ելենա Բատուրինան: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Ելենայի կարողությունը կազմում է 1.1 միլիարդ դոլար: «РИА Новости»-ին տված հարցազրույցում Բատուրինայի ամուսինը խոստովանել է, որ հպարտանում է կնոջ տաղանդով, բայց իրեն այնքան էլ չեն հետաքրքրում Ելենայի ձեռքբերումները բիզնեսում: «Նա գերտաղանդավոր մարդ է»,-նշել է Լուժկովը: Ըստ նրա, Բատուրինան տաղանդավոր է ոչ միայն բիզնեսում, այլև արվեստում:
«Forbes»-ի ցանկի երկրորդ հորիզոնականում է միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևի նախկին կինը` Ելենան: Նրա կարողությունը կազմում է 600 միլիոն դոլար: Ցանկում տեղ է գտել նաև Ռոման Աբրամովիչի նախկին կինը` Իրինան, ում կարողությունը կազմում է 300 միլիոն դոլար, որը նա աշխատել է մասնավոր ներդրումների ոլորտում:
8-րդ տեղում է հայտնվել Մարիա Շարապովան: Չնայած նրա հետ կապված դոպինգային սկանդալին և գովազդից եկող եկամուտների մի մասի կորստին, թենիսիստուհու կարողությունը գնահատվել է 260 միլիոն դոլար: