Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները Բաքվում քննարկել են «Հյուսիս-հարավ» ապագա ծրագիրը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ծրագրի իրականացումը լրջորեն քննարկվել է Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի նախագահների եռակողմ գագաթաժողովում: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
«Հյուսիս-հարավ» միջանցքը կոչված է միավորելու Հյուսիսային Եվրոպան Հարավային Ասիայի հետ: Ծրագրի իրականացման ընթացքում կմիավորվեն Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները:
«Հյուսիս-հարավ» միջանցքի առաջին փուլում նախատեսվում է ամեն տարի փոխադրել 5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում` 10 միլիոն տոննա: Ավելի վաղ «Ռուսական երկաթուղիներ»-ը հայտարարել էր, որ կմասնակցի միջանցքի ծրագրի մշակմանն ու զարգացմանը: