Դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են նրա բացահայտած շփման օրենքը
Լեոնարդո դա Վինչիի քիչ հայտնի ձեռագրերի մանրակրկիտ ուսումնասիրության շնորհիվ պատմաբանները հայտնաբերել են՝ դեռևս 1493 թ. նրա կողմից բացահայտված շփման օրենքները: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Քեմբրիջի համալսարանի մամուլի հաղորդագրությանը:
Մեքենաշինության տեխնոլոգիայի պրոֆեսոր Են Հաթչինգսը հայտնաբերել է, որ շփման օրենքի մասին առաջին գրառումները դա Վինչին արել է 92 մմ լայնության և 63 մմ երկարության նոթատետրի էջերին: Այդ գրառումները հիմա պահվում են Լոնդոնի Վիկտորիայի ու Ալբերտի թանգարանում:
«Լեոնարդոյի գրառումները ցույց են տալիս, որ դեռևս 1493 թվականին նա գիտեր, որ շփման ուժը, որը գործում է երկու սահող մարմինների միջև, համաչափ է այն ծանությանը, որն ազդում է այդ մարմինների վրա և կախված չէ դրանց միջև շփման մակերեսի մեծությունից: Նա ձևակերպել էր շփման օրենքը, որի բացահայտումը վերագրում են 17-րդ դարի ֆրանսիացի ֆիզիկոս Գիյոմ Ամոնտոնին»,- հայտարարել է Հաթչինգսը:
Գիտնականների ուշադրությանը այդ էջերն արժանացել էին դեռևս 1920-ականներին՝ մի տարեց կնոջ գծանկարի և «cosa bella mortal passa e non dura» (մահկանացու գեղեցկությունը անցնում է և չի մնում) գրության շնորհիվ: Սակայն, Հաթչինգսը պարզել է, որ կարմիր թանաքով արված սխեմաները և դիագրամները ցույց են տալիս եռաչափության հիմքերը: