Բաքվում փակվել է Գյուլենի հետ կապ ունեցող համալսարանը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում թուրք ընդդիմադիր հոգևոր և հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ ենթադրյալ կապ ունեցող մասնավոր համալսարանը փակվել է: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
«Ադրբեջանում փակվել է Կովկասյան համալսարանը, որն, ըստ հաղորդագրությունների կապված է Գյուլենի շարժման հետ: Համալսարանը երկրի լավագույններից մեկն էր»,- Թվիթերի իր էջում գրել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովան:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «APA» գործակալությունը, այսօր համալսարանի հիմնադիրը տեղեկացրել է Ադրբեջանի կրթության նախարարությանը համալսարանի փակման որոշման մասին:
Կովկասյան համալսարանը հիմնադրվել էր 1993 թ-ին մի խումբ թուրք ձեռնարկատերերի կողմից: Ըստ «Թուրան» գործակալության, համալսարանը հիմնադրել են մարդիկ, ովքեր մոտ են Գյուլենի հետ, իսկ դրա հովանավորն է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR):
Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո երկրորդ ազդեցիկ մարդն է: Նա վարում է մեկուսի կենսակերպ և գտնվում է ԱՄՆ-ում կամավոր աքսորի մեջ: Ըստ թուրքական իշխանությունների, հենց նա է կանգնած Թուրքիայում ձախողված հեղաշրջման հետևում: