Հայաստանի լեռներում մեկնարկել են ռուսական ռազմաբազայի դիպուկահարների դաշտային մարզումները
Ավելի քան 100 զինծառայողների մասնակցությամբ Հայաստանի բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում մեկնարկել են ՌԴ հարավային ռազմական շրջանի ռուսական բազայի դիպուկահարների դաշտային նախապատրաստական աշխատանքները: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
«Զինծառայողների մարզումների ընթացքում հիմնական ուշադրությունը թիրախային դաշտում առավել կարևոր նպատակակետի ընտրության հատուկ տակտիկական և կրակային պատրաստության վրա է սևեռված՝ բարձրլեռնային տեղանքի «արտակարգ» պայմաններում»,- նշել են մամուլի ծառայությունում՝ հաղորդելով, որ մարզումները մեծամասամբ տեղի են ունենալու գիշերային ժամերին գիշերային տեսողություն ապահովող սարքերի օգտագործմամբ:
Ստորաբաժանման հրահանգիչները, ովքեր հատուկ մասնագիտացված ուսումնական կենտրոնում պատրաստություններ են անցել, պարապմունքներ կանցկացնեն նորակոչիկների հետ՝ անհատական թիրախավորման և «Դրագունով» դիպուկահար հրացանով առավել կարևոր թիրախներ ընտրելու օրենքներով:
Անծանոթ տեղանքում կողմնորոշվելու ընթացքում զինծառայողները կսկսեն օգտագործել նավիգացիոն սարքեր, հեռավորությունը չափող սարքեր և օդերևութաբանական կայաններ:
Մամուլի ծառայությունում հայտնել են, որ տոկունության և ֆիզիկական հմտությունների պատրաստության համար ուժի մեծ է մտել ֆիզիկական պատրաստության հատուկ կուրսը:
Դիպուկահարների պատրաստման պարապմունքները կավարտվեն դիպուկահարների մրցույթների անցկացմամբ, ինչպես նաև հիմնական առարկաներից նորմատիվների հանձնմամբ: