Թուրքիան Ռուսաստանի հետ հաշտվելու պատճառով զիջումների կգնա Սիրիայում. FT
Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումից հետո Թուրքիան մի շարք զիջումների կգնա Սիրիայի հարցում: Այս մասին հաղորդում է «Financial Times»-ը` հղում անելով մի շարք աղբյուրների:
Ըստ թերթի, Անկարան կարող է փափկացնել իր դիրքորոշումը Սիրիայում հակամարտության հարցում, մասնավորապես կենտրոնանալով ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի վրա և հրաժարվելով Սիրիայում քաղաքական ռեժիմի փոփոխության պահանջներից:
«Կլինեն կոմպրոմիսներ և զիջումներ քրդերի և ապստամբերի հարցում: Սակայն Թուրքիան չի հրաժարվի ընդդիմությունից ամբողջությամբ: Դա չի բխում նրա շահերից»,- հայտարարել է «Ֆաստակիմ Կամա Ումիրտ» ապստամբների խմբի առաջնորդ Էզզեդին ալ-Սալամեն:
Բացի այդ, ըստ «Financial Times»-ի, Թուրքիան դեռևս մինչ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը քայլեր էր ձեռնարկում Սիրիայում իր դիրքորոշման մեղմացման համար: Այդ քայլերից է հետախուզության ղեկավարի հեռացումը, ով պատասխանատու էր սիրիական խնդրի համար: Սա կարող է խոսել Բաշար Ասադի հետ գործարքի պատրաստակամության մասին: