Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Հայաստանի տարածքում հայտնված կնոջ լուսանկարները
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են Հայաստանի տարածքում հայտնված կնոջ լուսանկարը՝ նշելով, որ հաստատվել է այն հաղորդագրությունը, որ հունիսի 7-ին Հայաստանի տարածք է անցել Չիչյաքլի գյուղի բնակչուհի Գաթիբա Ալեքբերովան: Նա հոգեկան խնդիրներ ունի: Այս մասին հայտնում է Minval.az-ը:
Նրա մոր՝ Քյուբրա Ալեքբերովայի խոսքով՝ մինչև այդ Գաթիբան մի քանի անգամ հեռացել է տնից: Մի քանի օր առաջ նրա դուստրը հայտնել էր Ղազախ ուղևորվելու ցանկության մասին, որտեղ նա գրանցված է եղել հոգեբուժարանում և բուժման կուրսեր անցել:
Բարեկամների խոսքով՝ նրանք Գաթիբայի՝ սահմանն անցնելու մասին տեղեկացել են պետական մարմիններից:
Գաթիբայի եղբայրը նույնպես հոգեկան հիվանդությամբ է տառապել և մահացել Ղազախի հոգեբուժարանում: Գաթիբան ծնվել է 1977թ-ին, մեծացել ընտանիքում, որտեղ նրա հետ միասին մեծացել է 9 երեխա: 4 օր առաջ նա հեռացել է տնից: