Իրանը մեղադրել է Քիմ Քարդաշյանին սանձարձակություն քարոզող գաղտնի գործակալ լինելու մեջ
Իրանում 8 մարդ է ձերբակալվել «Instagram»-ն «անբարոյական նպատակներով» օգտագործելու համար: Խոսքը միկրոբլոգում տեղադրված մոդելների նկարների մասին է, որտեղ նրանք հիջաբ չեն կրում: Մինչդեռ դա արգելված է Իրանում: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:
Ձերբակալություններն արվել են մոտ երկու տարի տևած «Սարդ-2» օպերացիայի շրջանակում, որի ընթացքում մոդելային բիզնեսի շրջանակներում գաղտնի գործակալներ էին ներդրվել:
Ինչպես հաղորդել է համակարգչային հանցագործությունների գծով Թեհրանի դատարանի ներկայացուցիչը, բացի արդեն հայտնի ձերբակալություններից, քրեական գործ է հարուցվել ևս 21 կասկածյալի դեմ: Ընդհանուր առմամբ 170 մարդիկ, ովքեր կանանց լուսանկարներ են տեղադրել «Instagram»-ում, այդ թվում՝ լուսանկարիչներ, վիզաժիստներ և մոդելներ, կասկածյալ են համարվում:
Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղաշրջման պահապանների կորպուսը հայտարարել է, որ հայտնի հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը գաղտնի գործակալ է, ում իրական նպատակն է իրանցի աղջիկներին վարակել մի սանձարձակ կենսակերպով, որը հակասում է իսլամի սկզբունքներին:
Նշենք, որ Իրանում արգելափակված են «Ֆեյսբուք», «Թվիթեր», «Յութուբ» սոցիալական ցանցերը, սակայն «Instagram»-ն այստեղ հասանելի է և տարածված է իրանցիների շրջանում: