Թուրքիան և Իրանը կվերադառնան բարիդրացիական հարաբերություններին. Էրդողան
Անկարան և Թեհրանը պայմանավորվել են վերադառնալ բարիդրացիական հարաբերություններին և բարձրացնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը:
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի իր գործընկեր Հասան Ռոհանի հետ ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Իրանի նախագահն այս պահին Թուրքիայում է: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Մենք Իրանի հետ 22 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել, հակաիրանական պատժամիջոցների կիրառումից հետո այն իջել է մինչև 10 միլիարդ: Մենք ցանկանում ենք պատժամիջոցների չեղարկումից հետո այդ ցուցանիշը հասցնել 30 միլիարդ դոլարի:
Մենք կքննարկենք, թե ինչպես այն բարձրացնել, կաջակցենք ներդրողներին: Մենք պայմանավորվել ենք վերադառնալ բարիդրացիական հարաբերություններին և բարձրացնել քաղաքական երկխոսության մակարդակը: Այս պահին խնդիրներ կան մեր տարածաշրջանում, կա մարդասիրական ճգնաժամ, և մենք պայմանավորվել ենք աշխատել դրանք հաղթահարելու համար: Մեզ համար ամենակարևորը Սիրիայում և Իրաքում արյունահեղությանը վերջ տալն է: Մենք համակարծիք ենք այս հարցում` չնայած Թուրքիայի և Իրանի միջև որոշ տարաձայնություններ կան»,- հայտնել է Էրդողանը: