Իրանը Ռուսաստանի հետ 2.2 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրել
Իրանը Ռուսաստանի հետ պայմանագրեր է ստորագրել երկաթգծերի և չորս ջերմակայանի կառուցման ոլորտում։ Այդ նպատակով Ռուսաստանը կառանձնացնի 2.2 միլարդ դոլար վարկ։ Այս մասին հաղորդել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանային։
«Երեկ Մոհամմադ Հասային՝ Իրանի էկոնոմիկայի փոխնախարարը այստեղ է եղել։ Կողմերը նախաստորագրել են երկու պայմանագրերի ֆինանսավորման մասին փաստաթղթերը՝ մեկը երկաթուղու, մյուսը՝ չորս ջերմային կայանների կառուցման մասին»,- նշել է նա «Իրանը սանկցիաներից հետո» կոնֆերանսի ժամանակ։
Ինչպես հաղորդել է «BBC»-ն, Իրանին 2.2 միլիարդ դոլար հատկացնելու մտադրության մասին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտնել էր դեռևս 2015 թ-ի դեկտեմբերին։
Ավելի վաղ Ռուսաստանը և Իրանը նախաստորագրել էին մոտ 40 միլիարդ դոլարի պայմանագրեր, այդ թվում՝ ատոմակայանի կառուցման ոլորտում։
Փորձագետները նշում են, որ Իրանը արևմտյան սանկցիաները հանելուց հետո ակտիվ քայլեր է ձեռնարկում իր ենթակառուցվածքները և տնտեսությունը վերականգնելու համար և պատրաստ է Ռուսաստանի հետ լինել կարևոր գործընկեր՝ միաժամանակ զարգացնելով հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։