Թուրքիան կշարունակի Սիրիայից փախստականներ ընդունել
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը «CNN Turk»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ թուրքական կողմը կշարունակի փախստականներ ընդունել Սիրիայից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
«Թուրքիան հասել է փախստականներ ընդունելու իր հնարավորությունների սահմանագծին, սակայն այդ մարդիկ տեղ չունեն գնալու: Կա՛մ նրանք կմահանան, կա՛մ մենք կբացենք մեր սահմանները»,- հայտնել է Թուրքիայի փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ Թուրքիան չի կարող «նրանց ասել «մի՛ եկեք»»: «Եթե մենք այդպես վարվենք, կտանենք նրանց մահվան ճանապարհով»,- հայտնել է նա:
Ավելի վաղ վարչապետ Դավութօղլուն հայտնել էր, որ միայն փետրվարի հինգին Թուրքիայի սահմանը հատել է 15 000 փախստական: