Իրանը չի վերականգնի ԱՄՆ-ի հետ լիարժեք տնտեսական հարաբերությունները
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ չի վերականգնի տնտեսական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ամբողջ ծավալով, քանի որ մինչ սանկցիաները հանելը երկու երկրների միջև նման հարաբերությունները բացակայել են։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ հղում անելով Ռոհանիի հայտարարությանը։
«Մենք չենք ունեցել ԱՄՆ-ի հետ ոչ մի տնտեսական հարաբերություն և չենք էլ կարող ունենալ, եթե միայն անհրաժեշտ պայմաններ չլինեն ապրանքների որոշ տեսակների արտահանման շուրջ։ Այն դեպքում, երբ ԱՄՆ-ը ցանկանա ներդրումներ կատարել Իրանի տնտեսության և տեխնոլոգիաների ոլորտներում, նրանք անշուշտ խոչընդոտների առաջ կկանգնեն»,- նշել է նախագահը։
Նա նաև հավելել է, որ Իրանը պատրաստ է ապահովել որոշակի արտոնություններ այն ամերիկյան ընկերությունների համար, որոնք իրենց գործունեությունը չեն իրականացնում ԱՄՆ-ի տարածքից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների ցանկից հանել է Իրանի հետ կապված 400 անձի և ընկերության։