Դեկտեմբերին նախատեսվող ռուս-թուրքական գագաթաժողովը չի կայանա
Ռուս-թուրքական գագաթաժողովը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում, հետաձգվել է։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին։
«Ոչ, գագաթաժողովը չի կայանա, այն չի նախատեսվում»,- նշել է Պեսկովը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հակամարտության կողմնակիցը չէ։ Էրդողանը նշել է, որ իր համար բարդ է հասկանալը, թե ինչի վրա են հիմնված դիտորդների այն հայտարարությունները, որ Սու-24-ի հետ կապված իրադրությունը արհեստականորեն է սարքվել և թակարդ է եղել երկու պետությունների համար էլ։ Նախագահը կոչ է արել «չնպաստել, որ այդ դեպքն ազդի Թուրքիայի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների վրա»։