ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանը Ստամբուլում մասնակիորեն փակվել է անվտանգության սպառնալիքի պատճառով
ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանը Ստամբուլում իր այցելուներին սահմանափակ ծառայություններ է մատուցում։ Դրա պատճառը անվտանգության հնարավոր սպառնալիքն է, որի բնույթը չի հստակեցվում։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Ավելի վաղ, ԱՄՆ-ի պետքարտուղարության միջազգային անվտանգության հարցերով խորհրդատվական խորհրդի կայքում հաղորդագրություն է տարածվել, որ հյուպատոսարանում ծառայություն իրականացնող աշխատակիցների թիվը կկրճատվի։ Պետքարտուղարությունը նաև կոչ է արել ամերիկացիներին զգոն լինել։ Ամերիկյան այլ դիվանագիտական ներկայացուցչություններ Թուրքիայի տարածքում աշխատում են սովորական ռեժիմով։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոս ամսին Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման, որի պատասխանատվությունը իր վրա է վերցրել ձախ արմատական «Հեղափոխական բանակ» խմբավորումը։