Երգչուհի Դալիթան՝ մանկության տարիների և առաջիկա ծրագրերի մասին (լուսանկարներ)
Oրեր առաջ երգչուհի Դալիթան փակեց մանկության էջն ու ոտք դրեց պատանեկություն: Մանկության տարիների, երազանքների ու առաջիկա ծրագրերի մասին Operativ.am-ի թղթակիցը զրուցել է Դալիթայի հետ:
-Ի՞նչ զգացողություն ունեք այժմ, երբ կյանքի նոր փուլ եք մտնում:
Զգացողությունս անբացատրելի է: Այո, մտնում եմ կյանքի մի նոր փուլ, նոր շրջան, մանկությանս դուռը փակում եմ, սակայն ինձ հետ վերցնում եմ իմ արած աշխատանքները, փորձը, ստացած սերն ու ջերմությունը, և իհարկե, ինձ հետ կմնան նաև իմ ընկերները: Որոշել ենք ինչ-որ կերպ ամփոփել մանկությունս, որը երևի կլինի տեսասկավառակի տեսքով:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
Նախատեսված են համերգներ, որոնց մասին առայժմ չեմ ուզում խոսել, թող անակնկալ լինի: Նաև փառատոնի հրավեր ունեմ Իտալիայից, որն իմ ամենասիրելի երկիրն է: Նոր երգերով ու նոր կերպարներով հանդես կգամ:
-Ինչպիսի՞ն էր մանկությունը և ի՞նչ ակնկալիքներ ունեք պատանեկության տարիներից:
Գունավոր և հրաշքներով լի մանկություն եմ ունեցել և այդ հարցում ինձ շատ է օգնել մայրս, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան: Հուսամ, ինձ օգնող մարդիկ՝ ինձ հետ աշխատող մասնագետները, ընկերներս, երկրպագուներս նաև կյանքիս այս փուլում կողքիս կլինեն: Հուսամ, պատանեկությանս տարիները ոչ պակաս հետաքրքիր ու հաճելի կլինեն:
-Երգից բացի այլ մասնագիտության մասին մտածե՞լ եք
Դեռ չգիտեմ ինչ ճյուղ կընտրեմ, բայց ինչ էլ որ ընտրեմ, գուցե զարմանաք, բայց մաթեմատիկայի հետ կապ կունենա, քանի որ շատ եմ սիրում այդ առարկան:
-Ո՞վ է Ձեր քննադատը:
Ինձ համար ամենամեծ քննադատը մայրս է:
-Ո՞րն էր մանկության Ձեր երազանքը, և ի՞նչ եք երազում այժմ:
Ասում են՝ երազանքների մասին չպետք է բարձրաձայնել: Ես էլ չեմ ուզում բարձրաձայնել երազանքներիս մասին, որպեսզի իրականանան: Իսկ նպատակներ շատ ունեմ, որոնք աշխատանքիս արդյունքում պետք է որ իրագործվեն:
: