Հայաստանը ներկայացնող երգչուհի Լեոնորան Կոմիտասի երգով Սոֆիայից վերադարձել է «Գրան պրի»-ով (լուսանկարներ)
Սեպտեմբերի13-17-ին Սոֆիայում կայացել է «SOFIA GRAND PRIX-2015» միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրել է գյումրեցի Լեոնորան: 18-ից բարձր «Դասական վոկալ» անվանակարգում, լիրիկ սոպրանո Լեոնորան արժանացել է «Գրան պրի» մրցանակի, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել է բացարձակ հաղթող:
Մրցույթի և երգչուհու գործունեության մասին մանրամասներ իմանալու համար Operativ.am-ի թղթակիցը զրուցել է նրա ամուսնու՝ Վիգեն Թանաշյանի հետ, ով նաև Լեոնորայի պրոդյուսերն է:
Լեոնորան նրա իրակա՞ն, թե բեմական անունն է:
-Նրա իրական անունն Արևիկ է: 2 տարի առաջ նա Բեյրութում համերգ ունեցավ, որից հետո նաև նրա առաջին ձայնասկավառակը թողարկեցինք: Եվրոպական անվանում էինք ուզում ունենալ: Շատ մտածելուց հետո որոշեցինք Լեոնորա կնքել, քանի որ այն հունարենից նշանակում է արևի լույս, ինչն իր իրական անվանման հոմանիշն է:
Քանի՞ տարեկանից է երգում:
-Մանկուց է երգում: Սովորել է Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում: Բազմաթիվ համերգների ու մրցույթների է մասնակցել և մինչ այժմ «Գրան Պրի»-ների է արժանանում: Նա համերգներով հանդես է եկել արտասահմանյան բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Լիբանանում, Բուենոս Այրեսում, Երևանում, Ղարաբաղում:
Որտեղի՞ց իմացաք մրցույթի մասին:
-Մրցույթին մասնակցելու առաջարկն ստացել ենք «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցացիա»-ից՝ ի դեմ Արման Ղուկասյանի: Հրավերը սիրով ընդունեցինք, սակայն միայն հրավերն ընդունելը բավական չէր մրցույթին մասնակցելու համար: Հովանավորի կարիք ունեցանք, սակայն Հայաստանից չստացանք այն: Սոֆիա մեկնելու ծախսերը հոգաց ֆրանսահայ Լուսինե Հակոբյանը:
Քանի՞ երկիր էր մասնակցում մրցույթին:
-Մրցույթին մասնակցում էր ևս 10 երկրի ներկայացուցիչ: Նրանք բոլորը լավ էին պատրաստված, սակայն մեզ հաջողվեց առաջատար լինել:
Ի՞նչ երգեր կատարեց Լեոնորան:
-Մրցույթի մասնակցիները պետք է երկու երգով ներկայանային. ազգային և օտար: Որպես ազգային երգ Լեոնորան ներկայացրեց Կոմիտասի «Կռունկ» երգը, որի մասին հիացմունքով խոսեցին գրեթե բոլորը, իսկ օտար՝ «Bacio»-ն:
Ի՞նչ ծրագեր ունեք ապագայում:
-Ծրագրերը շատ են, սակայն ֆինանսական միջոցներ են հարկավոր դրանք իրականացման համար: Այդ պատճառով, մենք մի քիչ դանդաղ ենք առաջ շարժվում, սակայն հաստատուն քայլերով: Մենք նախընտրում ենք մատուցել մաքուր երաժշտություն, իսկ դա մեզ համար դասականն է և չենք ցանկանում դավաճանել մեր սկզբունքներին: Եթե Լեոնորան կատարեր այդ ռաբիզ կոչեցյալը, ռոքը կամ էստրադան, մենք վաղուց շատ բարձունքներ նվաճած կլինեինք:
Ինչպե՞ս եք ծանոթացել և ե՞րբ եք ամուսնացել:
-1 տարի առաջ ենք ամուսնացել, սակայն արդեն 3 տարի է մենք աշխատում ենք միասին: Առաջին անգամ ես Լեոնորային լսել եմ «Անուշ» օպերայի 100-ամյակի առթիվ բեմադրված Անուշի դերերգով: Ներկա չեմ եղել միջոցառմանը, սակայն լսելուն պես ցանկացա տեսնել նրան և այդպես սկսվեց մեր ծանոթությունն ու համագործակցությունը, իսկ այժմ արդեն մեր ընտանիքը համալրել է նաև մեր փոքրիկը, ով իր հերթին Լեոնորայի երաժշտական ծրագրերը փոքր-ինչ հետ է գցում:
Operatv.am-ը շնորհավորում է երգչուհուն և մաղթում նորանոր հաղթանակներ: