Մենք չենք զգում պատասխանատվություն մեր թոռների նկատմամբ՝ ի՞նչ ենք նրանց փոխանցելու. Երվանդ Մանարյան
Անկախացումից հետո թվում էր, թե թատրոնը պետք է ընդունի իր բացթողումներն ու սխալները, ուղղի մեջքը, սակայն դա տեղի չունեցավ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վաստակավոր դերասան Երվանդ Մանարյանը: Նա գոհ չէ այսօրվա թատրոնի վիճակից, որ այսօր թատրոնի առջև հերթեր չկան, ի տարբերություն այն ժամանակների՝ հիմա ներկայացումներով չեն ապրում:
Երվանդ Մանարյանի կարծիքով՝ այսօրվա թատրոնն իրական կյանքից ոչինչ չի վերցնում, բայց գեղագիտական առումով լավն է: Նրա խոսքով՝ այսօր թատրոնը ժամանակային հարցեր չի լուծում և զբացված է միայն զվարճացնելով: «Մենք չենք զգում պատասխանատվություն մեր թոռների նկատմամբ՝ ի՞նչ ենք նրանց փոխանցելու»:
Ինչ վերաբերում է դերասանների աշխատավարձերին, Մանարյանը ցավով նշեց, որ չնչին աշխատավարձերի պատճառով գնում են արտերկիր: Արտագաղթող դերասանները մոռանում են, որ այդ նույն երկրները, որտեղ իրենք գնում են, նույնպես անցել են զարգացման ճանապարհով, բայց այդ երկրների դերասանները չեն արտագաղթել: Միևնույն ժամանակ դերասանը համոզված է, որ այսպես չի շարունակվի: