«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության «փառահեղ աշխատանքը»
Ամեն օր գրեթե բոլոր լրատվամիջոցները, այդ թվում Operativ լրատվականը, առավոտյան տեղադրում են ինֆորմացիա, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրած առ այն, որ այս կամ այն թաղամասում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ:
Թեև արդեն տևական ժամանակ է, Կիևյան թաղամասի անունը այդ ցանկում չկա, բայց երկու օրը մեկ, իսկ արդեն դեկտեմբերի 25-ից՝ ամեն օր, նույն ժամին՝ կեսօրին 14:00-15:00 ընկած ժամանակահատվածում Կիևյան 4-ը հոսանքազրկվում է:
Բնակիչները բորբոքված ահազանգել են Operativ լրատվական՝ պատմելով, որ ինչքան զանգահարում են 1-80 հեռախոսահամարով, կամ հեռախոսը միշտ զբաղված է, կամ հնչում է ինքնապատասխանիչի ձայնը՝ «Բոլոր օպերատորները զբաղված են, խնդրում ենք սպասել, կամ զանգահարել մի փոքր ուշ»:
Հետաքրքիր է, այդ ինչո՞վ են զբաղված, սուրճ խմելո՞վ, ասում են բնակիչները:
Դա էլ հերիք չէ, պատասխանելիս ամեն անգամ օպերատորն ասում է՝ «Վթար է, 1-2 ժամից լույսը կլինի»:
Այդ ի՞նչ վթար է, որ մի քանի ամիս շարունակ չեն կարողանում խնդիրը լուծել:
Բնակիչները բողոքում են, բորբոքվում, բղավում օպերատորների վրա, բայց իրավիճակը չի փոխվում:
Չմոռանանք նաև, որ շուտով Ամանոր է, բնակիչները վախեցած են, որ թեժ պատրաստումների պահին էլ լույսերը անջատվեն:
Հիշեցնենք, որ շատ են եղել նաև դեպքերը, երբ էլեկտրաէներգիայի անկանոն անջատման պատճառով խափանվել է քաղաքացիների տեխնիկան: Ո՞վ է հատուցելու այս դեպքում: Հարցը մնում է բաց: