Այս տարի օգոստոսին, օդի ջերմաստիճանը եղել է նորմայից մոտ 2-3 աստիճանով բարձր
Շատերի դիտարկմամբ այս տարի ամառն ավելի տաք էր, քան նախորդները, մինչդեռ սա վերջին տասնամյակում հանրապետությունում գրանցված ամենաշոգ ամառը չէր:
«Այս տարի օգոստոսին, օդի ջերմաստիճանը եղել է նորմայից մոտ 2-3 աստիճանով բարձր: 15 օր օդի ջերմաստիճանը հանրապետությունում և Արարատյան դաշտում տատանվել է 37-39 աստիճանի սահմաններում: Օգոստոսին հարավից եկող հոսանքները բարձրացրել են օդի խոնավությունը, ինչի պատճառով շոգերն ավելի շատ էին զգացվում»-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը և հավելեց, որ այս տարի օդի առավելագույն ջերմաստիճանը զգացվել է Մեղրիում՝ հասնելով 42 աստիճանում, ապա Երևանում՝ 39 աստիճան:
Կատարելով համեմատություն նախորդ տարիների հետ՝ բանախոսը նշեց, որ հանրապետությունում ամենաշոգ օգոստոսները գրանցվել են 1957, 1976, 1995-1996, 1999 և 2006 թվականներին, երբ օդի ջերմաստիճանը հասել է մոտ 42 աստիճանի, իսկ ամենազով օգոստոսները գրանցվել են 1970-1971, 1992-1993, 1964 և 2009 թվականներին, երբ օդի ջերմաստիճանը չի գերազանցել 35 աստիճանը:
Վարդուհի Ստեփանյան