ՕԵԿ-ն ամրապնդում է դիրքերը մեդիա դաշտում
«Ժամանակ» թերթը գրում է. «Աշնանային եթերաշրջանում «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստվում է ակտիվացնել ընդդիմություն դառնալուց հետո գնած «Երևան TV» հեռուստաընկերությունը։ Առաջին քայլը հ/ը անվանումը փոխելն է լինելու: Այն այդուհետ կկոչվի «Հ3»: Հաջորդ քայլով ՕԵԿ-ականները պատրաստվում են ակտիվացնել հեռուստաընկերության քաղաքական բլոկը՝ ավելացնելով նոր քաղաքական-վերլուծական հաղորդումներ:
Այս պահին քննարկվում են քաղաքական հաղորդումների ձևաչափերը, սակայն դրանցից մեկն արդեն հայտնի է: Շաբաթը մեկ անգամ եթեր հեռարձակվող հաղորդումը վարելու է «Իրատես դե Ֆակտո» թերթի քաղաքական լրագրող Կարմեն Դավթյանը, իսկ հաղորդումը կոչվելու է «Կարմենի մոտ»:
Բացի հեռուստաընկերությունը ակտիվացնելուց՝ ՕԵԿ-ը պատրաստվում է օրաթերթ կամ պարբերական բացել, որը կխմբագրի «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Թումանյանը, ով իր ասուլիսների ժամանակ բազմիցս է հայտարարել, որ ինքը համակրում է և հարում ՕԵԿ-ին:
Փորձելով մեդիադաշտում ամրապնդել իր դիրքերը՝ ՕԵԿ-ը պատրաստվում է առաջիկա համապետական ընտրություններին, իսկ թե որքանով կհաջողի, պարզ կդառնա առաջիկայում: Ի դեպ, այս օրերին ՕԵԿ-ը նաեւ լրագրողների և օպերատորների ակտիվ փնտրտուքի մեջ է: Իսկ հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում հաստատվել է դերասան Արամ Հովհաննիսյանի՝ «Որոգայթի Զավենի» նշանակումը»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: