Մերձավոր Արևելքում ծայրահեղական խմբավորումների քարոզչության կարևոր տարրերից մեկը միջնադարյան եզրաբանության վերածնունդն է
Մերձավոր Արևելքում ծայրահեղական սուննիական խմբավորումների քաղաքական քարոզչության կարևոր տարրերից մեկը միջնադարյան՝ շատ դեպքերում դավանական անհանդուրժողականության լիցք պարունակող եզրաբանության վերածնունդը և լայն կիրառությունն է:
Մասնավորապես սիրիական բանակի և ընդհանրապես Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հանդեպ կիրառվում է «նուսայրիներ» ՝ավելի լայն շրջաններին «ալավիականություն» անվանումով հայտնի ծայրահեղ շիայական կրոնական ուղղություններից մեկի հետևորդների, բնորոշումը, չնայած, այսպես կոչված, ասադականների մեջ քիչ թիվ չեն կազմում նաև սիրիացի սուննիները:
Իրաքյան բանակի և իշխանության, նաև իրանցիների նկատմամբ կիրառվում է «Սեֆյաններ» եզրը՝ իրանական հայտնի արքայատոհմի անվանումը, որի օրոք տասներկուիմամական շիայականությունը պետական կրոն դարձավ Իրանում: Երբեմն խոսվում է իսլամական աշխարհում «սեֆյան դավադրության» մասին, համաձայն որի՝ Թեհրանի առաջնորդությամբ իբր շիաները պատրաստվում են ստեղծել Իրանը, Իրաքը, Սիրիան և Լիբանանը ներառող մեկ քաղաքական միավորում, որի դեմ էլ պետք է պայքարեն սուննի ծայրահեղականները:
Որպես ընդհանրապես բոլոր շիաների և հատկապես տասներկուիմամականների նշանակյալ հաճախ կիրառվում է սուննիների շրջանում քամահրական նրբերանգ ունեցող «ռաֆիդիականներ» եզրը, որով միջնադարում բնորոշում էին իմամ Ալիից բացի մյուս խալիֆների օրինականությունը ժխտողներին:
Ակնհայտ միջնադարյան բնույթ ունի նաև «ալ-Շամ»՝ Ասորիք աշխարհագրական անվան, ինչպես նաև «խալիֆայություն», «խալիֆ», «զորահրամանատար» իմաստով «էմիր» և մի շարք այլ բառերի ժամանակակից համատեքստում կիրառությունը:
Վարդան Ոսկանյան. ֆեյսբուք