Իրար արժանի պատասխաններ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արձագանքելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախօրեի հայտարարությանը, որով Հայաստանի ընկերություններին կոչ էր արվում դադարեցնել ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին հակասող բոլոր գործարքները' ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը երեկ հանդես է եկել պատասխան հայտարարությամբ' ԱՄՆ դեսպանատան կոչը որակելով որպես Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ:
Ռուսների հայտարարությունում մասնավորապես ասված է. «Դիվանագիտական ներկայացուցչության առաքելությունը չէ՝ երկրի իշխանություններին ցույց տալ, թե ում հետ և ինչպես պահպանել կապերը, հատկապես՝ իր բառապաշարում օգտագործելով ինքնիշխանության հասցեին նշվող թույլ արտահայտված սպառնալիքները: Կարծում ենք, որ Հայաստանի գործարար ոլորտը ունակ է ինքնուրույն գլուխ հանել բիզնեսի վարման հարցերից և օտարների հուշումների կարիքը չունի»:
Անկեղծ ասած' միանգամայն համամիտ ենք ռուսների հատկապես վերջին պնդման հետ, որ Հայաստանի ինչպես գործարար, այնպես էլ քաղաքական և, առհասարակ, բոլոր շրջանակները ունակ են ինքնուրույն գլուխ հանել իրենց խնդիրներից և օտարների' լինի դա ԱՄՆ, թե ՌԴ, հուշումների կարիքը չունեն: Լավ կլինի, որ ՌԴ դեսպանատունն ու մերձկրեմլյան զանազան շրջանակներն այս իրողությունը հիշեն և ձեռնպահ մնան պատեհ- անպատեհ Հայաստանին իր շահերը բացատրելու-պարտադրելու գործելաոճից:
Ինչ վերաբերում է ՌԴ դեսպանատան հայտարարությունում նշված' ԱՄՆ-ի կողմից ՀՀ «ինքնիշխանության հասցեին հնչող թույլ սպառնալիքներին», ապա հարկ է նկատել, որ զավեշտալի է ՀՀ ինքնիշխանության մասին մտահոգություններ լսել մի երկրի կողմից, որի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանն անվանում են Ռուսաստանի ֆորպոստ և հայտարարում, թե առանց ռուսների Հայաստանը պարզապես կորած է: Էլ չասած' ռուսաց լեզվի կարգավիճակի մասին անհեթեթ հայտարարություններ անող կրեմլյան որոշ խոսափողների' Հայաստանի ինքնիշխանությամբ խիստ մտահոգ ելույթների մասին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: