Գրիպով հիվանդներին խորհուրդ են տալիս աշխատանքի չգնալ
Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը կարելի է գնահատել հանգիստ։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրիպի ազգային համակարգող Լիանա Թորոսյանը:
Ըստ մասնագետի, անցած տարվա այս սեզոնի հետ համեմատ իրավիճակը մտահոգվելու առիթ չի տալիս, ներկա դրությամբ որևէ բարդացած կամ ծանր դեպք հիվանդանոցներում չի գրանցվել:
Առողջապահության նախարարությունն ազգաբնակչությանը կոչ է անում լինել զգոն, խուճապի չմատնվել, քանի որ դրա առիթը չկա. "Սեզոնային իրավիճակ է, հարկավոր է զգոն լինել և առաջին իսկ ախտանշանների դեպքում'հազ, ջերմություն, փռշտոց, գլխացավ, մկանացավեր, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել մասնագիտացված առողջապահական կազմակերպություն ու ստանալ համապատասխան բժշկական օգնություն":
Իսկ ի՞նչ անել՝ չվարակվելու կամ գրիպը չխորացնելու համար։ "Առաջինը՝ մնալ տանը, երեք օր անկողնային ռեժիմ պահել: Ընդունել շատ հեղուկ, եթե առողջական վիճակը թույլ է տալիս. թոքային, սրտանոթային հիվանդությունների դեպքում սա ցանկալի չէ: Հաճախակի բաց տարածքներում քայլել, օդափոխել փակ տարածքները, հաճախակի լվացվել ու վիտամիններով հարուստ սնունդ ընդունել",- ասաց Լիանա Թորոսյանը՝ հիշեցնելով, որ գրիպով եւ սուր շնչառական հիվանդություններով մարդիկ պետք է խուսափեն մասսայական շփումներից, այսինքն՝ դպրոց, մանկապարտեզ, աշխատանքի չգնան։