Սննդամթերքն աշխարհում ռեկորդային թանկացում է գրանցել. ՄԱԿ
Համաշխարհային պարենային ապրանքների գներն աճել են ռեկորդային ցուցանիշով. 2014-ի հուլիսից ի վեր սննդամթերքի գները հասել են առավելագույնի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցում:
10 ամիս անընդմեջ գները բարձրանում են: Մարտին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ինդեքսը հասել է 118,5 կետի՝ փետրվարի համեմատ աճելով 2,1 տոկոսով: Ամենից շատ թանկացել է բուսական յուղը: Մարտին դրա գների ինդեքսն աճել է 8 տոկոսով և հասել է ամենաբարձր մակարդակի 2011-ի հունիսից ի վեր:
Զգալիորեն աճել են նաև կաթնամթերքի և մսամթերքի գները (համապատասխանաբար 3,9 և 2,3 տոկոսով), ինչը բացատրվում է Սուրբ Զատկի տոներին ընդառաջ պահանջարկի մեծ ալիքով:
Փետրվարի համեմատ` հացահատիկի և շաքարի գինը նվազել է: Ամենաշատը նվազել են ցորենի գները` աշխարհում մեծ պաշարների և այս տարի լավ բերքի սպասումների շնորհիվ: Շաքարավազն էժանացել է 4 տոկոսով, բայց դրա գները նախորդ տարվա համեմատ 30 տոկոսով բարձր են մնում: