Ռուսաստանը ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքներից է. Չեխիայի պաշտպանության նախարար
Չեխիայի պաշտպանության նախարար Լուբոմիր Մետնարը Ռուսաստանն ընդգրկել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքների շարքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռազմական-քաղաքական դաշինքի այլ վտանգներից մեկը նա համարել է ահաբեկչություն ու կիբերհարձակումները:
«Սպառնալիքների շարքում առաջինն ահաբեկչությունն է: Առաջին հերթին՝ տեղական ահաբեկչական կազմակերպությունների գլոբալ ընդլայնման վտանգն է: Երկրորդ տեղում կդնեի կիբեր սպառնալիքները, իսկ երրորդում` Ռուսաստանից սպասվող սպառնալիքները», – ասել է Մետնարը:
Պաշտպանության նախարարի խոսքերով՝ ռուսական սպառնալիքները կայանում են բանակի վերազինման, զորքերի տեղակայման, մեծ քանակությամբ զորավարժությունների, ինչպես նաև «նախկին սոցիալիստական դաշինքի մյուս երկրների հետ կապված իրադարձություններով»:
«Այս դեպքում սպառնալիքների հերթականությունն այնքան էլ կարևոր չէ, քանի որ դրանց դինամիկան կարող է շատ արագ փոխվել»,- նշել է Լուբոմիր Մետնարը:
Ներկայումս Չեխիայի ՊՆ Լուբոմիր Մետնարը պատրաստում է աշխարհում առկա վտանգների մանրամասն վերլուծություն: Նրա խոսքերով՝ այն արդեն վերջնական փուլում է:
«Մինչ այժմ մենք ունենք միայն նախնական արդյունքներ»,- ամփոփել է Մետնարը: