Ինֆորմացիա չունեմ, թե ՊՎԾ-ն կամ մյուս մարմիններն ինչ ստուգումներ են իրականացնում բուհերում. նախարար
Որպես ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է, որ ինֆորմացիա չունի, թե ՊՎԾ-ն կամ մյուս մարմիններն ինչ ստուգումներ են իրականացնում բուհերում:
«Զրո ինֆորմացիա, քանի դեռ ուսումնասիրության փաստաթուղթը ստորագրությամբ ու կնիքով չի դրվել իմ սեղանին: Սա իմ անխախտելի սկզբունքն է: Սա ամենաառաջին սկզբունքն է, որը չեմ խախտելու»,- ասաց Հարությունյանը:
Այնուհետև լրագրողները մեջբերեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, ում կարծիքով՝ նոր իշխանությունները ցանկանում են տեսնել «իրենց» ռեկտորին, որը ՀՀԿ-ական չէ:
«Նման բան բացառվում է, մինչև հիմա Արամ Սիմոնյանի հետ եղել է բացառապես գործընկերային հարաբերություններ: Նա է փորձում այս ամենը քաղաքականացնել՝ ներքաշելով իր գործընկերներին պրոցեսի մեջ: Ես նրանց կոչ կանեմ սադրանքներին չտրվել: ԵՊՀ-ում երկար ժամանակ աշխատել եմ, այնտեղ կան հոյակապ մասնագետներ, որոնք մեր գործընկերներն են ու այդպիսին են լինելու նաև ապագայում»,- ասաց Հարությունյանը: