Բուժծառայությունը կլինի ոչ թե ՔԿՀ-ների, այլ ԱՆ ենթակայության տակ
«ՔՀԿ-ների բուժծառայության հարցը խնդրահարույց հարցերից մեկն է»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Ըստ արդարադատության նախարարի՝ լուծումն այն է, որ բուժծառայությունը ենթակա չլինի ՔԿՀ-ին։
«Պիտի ուղղահայաց ենթակայության մեջ չլինի: Մենք նախաձեռնել ենք, կա կառավարության որոշում, նախատեսված է, որ անցնելու է արդարադատության նախարարության ուղիղ ենթակայության տակ, բարեփոխումների մեծ փաթեթ է նախապատրաստված»,- ասել է նախարարը:
Արտակ Զեյնալյանը նաև որոշակի վիճակագրություն է ներկայացրել՝ ասելով, որ այս ոլորտում հաստիքների շուրջ 30 տոկոսը թափուր է: Աշխատանքը շարունակում է անհրապույրներից մնալ:
«Մենք այստեղ սոցիալական ապահովության մակարդակը պետք է բարձրացնենք, որպեսզի այն դառնա հրապուրիչ, և կարողանանք այն ապահովել բուժանձնակազմով: Մեր կառավարության որոշմամբ՝ նաև նախատեսել ենք Երևանում, Գյումրիում և Վանաձորում որոշակի մահճակալների քանակ ունեցող հիվանդանոցներում ունենալ հատուկ բաժանմունք՝ կահավորված ճաղավանդակներով, որպեսզի այնտեղ հնարավոր լինի նաև կալանավորների ու դատապարտյալների բուժել: Այդ պարագայում հնարավոր կլինի ավելի քիչ անձնակազմ ներգրավել»,- հավելել է նախարարը: