Կայացել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման խմբի առաջին հանդիպումը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ կայացել է ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերին համապատասխան որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:
Խումբը ձևավորվել էր 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու
բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների և
դրանցում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման և դրանց
հիման վրա համապատասխան առաջարկությունների մշակման նպատակով:
Խմբի կազմում ներառված են ինչպես պետական, տարածքային և տեղական
իշխանության մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ աղետի գոտու
հիմնախնդիրների կանոնակարգմանն առավել ներգրավված հասարարակական հատվածի ներկայացուցիչներ:
Հանդիպմանը նախ ամփոփ ներկայացվել է մարզերից պարբերաբար Քաղաքաշինության կոմիտե ներկայացված գրաֆիկական և աղյուսակային նյութերի վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ դեռևս համալրման ենթակա տվյալների մասով: Այնուհետև քննարկվել է տեղեկատվության նախնական վերլուծության արդյունքում գծագրված հիմնական պատկերը՝ ոչ հիմնական շինությունների, այսպես ասած, ծագումնաբանության (կառուցված կամ տեղադրված տնակներ, ավտոտնակներ,քարաշեն կառույցներ, մոդուլներ), տիպերի, պատկանելության, օգտագործման նպատակի, և վիճակի, դրանցում բնակվող ընտանիքների՝ տնակում բնակվողի կարգավիճակում հայտնվելու պատճառների մասով:
Քննարկման ավարտին հստակեցվել են մինչև հաջորդ հանդիպում իրականացվելիք
աշխատանքները. մասնավորապես շեշտադրվել է համայնքների և մարզպետարանների
կողմից տեղեկատվության օր առաջ համալրման անհրաժեշտությունը:
«Ոչ ավելի, քան մեկ ամիս». հանդիպումը ղեկավարող Ա. Ղուլարյանը հորդորել է տեղեկատվությունը համալրելու և սահմանված ընթացակարգով Կոմիտե ներկայացնելու գործընթացն այդ ժամկետում՝ կարևորելով առաջարկությունների մշակման համար հիմնավոր տեղեկատվության առկայությունը:
Միաժամանակ, հաշվի առնելով աշխատանքային խմբի առաջարկությունը, հանձնարարվել է տեղեկատվության համալրմանը զուգընթաց արդեն իսկ սկսել սկսել
գծագրված խնդիրների կանոնակարգմանն ուղղված առաջարկությունների
հավաքագրման և քննարկման գործընթացը:
«Պետք չէ սա դիտարկել միայն որպես բնակապահովման հարց: Աղետի գոտու բնակավայրերում, հատկապես այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, Ստեփանավանը, պետք է մոտենալ խնդրի արմատական լուծման տեսանկյունից, այն դիտարկելով նաև համայնքների քաղաքաշինական միջավայրի վերականգմանն համատեքստում»,- շեշտել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը՝ կարևորելով խնդրի
քաղաքաշինական և սոցիալական կանոնակարգման ուղղությամբ համակարգված և
հասցեական մոտեցման ցուցաբերման անհրաժեշտությունը: