Փողոցում առևտուր անել ցանկացողները նամակ են փոխանցել վարչապետին
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել փողոցներում մինչև հունվարի 1-ը առևտուր կատարած անձինք: Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանը հունվարի 1-ից արգելել է առևտրի այդ տեսակը և առաջարկել առևտուրն իրականացնել փակ տարածքներում:
Հավաքվածներն այսօր նաև նամակ են փոխանցել ՀՀ վարչապետին: Կառավարության ներկայացուցիչներից մեկն է նամակը ներս տարել:
Հիշեցնենք` ակցիայի մասնակիցները պահանջում են կա´մ իրենց համար նախատեսված բացօթյա տաղավարները կառուցել, կա´մ թույլ տալ հին մեթոդներով առևտուր իրականացնել փողոցներում: Հավաքվածների հետ կառավարության անունից խոսել է վարչապետի նորանշանակ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Նա ասել է, որ այսօր երեկոյան կպատասխանի, թե ինչ քննարկում են ունեցել Երևանի քաղաքապետարանի պատասխանատուների հետ և որն է պատասխանը: