Բարդ էր պատկերացնել, որ դուրս կգամ եզրափակիչ. Նադալ
Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալն Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակչում Ստեֆանոս Ցիցիպասին 6:2, 6:4, 6:0 հաշվով հաղթելուց հետո հայտարարել է՝ մի քանի շաբաթ առաջ չի պատկերացրել, որ կարող է նման հաջողության հասնել:
«Հույս ունեմ՝ եզրափակչում ավելի լավ կխաղամ, քան այսօր: Ինչպե՞ս: Չգիտեմ: Այսօրվա հանդիպումն իսկապես լավն էր, սակայն կարծում եմ, որ մրցաշարերի բոլոր հանդիպումներն էլ լավ եմ անցկացրել:
Տևական դադարից հետո այս կորտը, երկրպագուներն ինձ աննկարագրելի էներգիա հաղորդեցին: Ինձ հիանալի եմ զգում Ավստրալիայի Բաց առաջնությունում հինգերորդ անգամ եզրափակիչ դուրս գալու համար: Ինձ համար կարևոր է նման ձևով սկսել մրցաշրջանը:
Մի քանի շաբաթ առաջ ցանկանում էի մասնակցել Բրիսբենի մրցաշարին, սակայն մրցաշարի կազմակերպիչների հետ խոսելուց հետո բարդ որոշում կայացրի և չխաղացի: Այդ ժամանակ բարդ էր պատկերացնել, որ դուրս կգամ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ, բայց լավ մարզվեցի:
Մրցաշարի մեկնարկից ինձ հիանալի եմ զգում: Շնորհակալ եմ ինձ աջակցողներին»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նադալը:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչում Ռաֆայել Նադալը խաղալու է Նովակ Ջոկովիչ-Լուկա Պուի զույգի հաղթողի հետ: