Հարկադիր կատարման ծառայությունում նախորդ տարի կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 28.5 մլրդ դրամ, ինչը 2017-ի ցուցանիշից ավել է 6.7%-ով
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում քննարկվել և ամփոփվել են ծառայության 2018 թվականի գործունեության արդյունքները: Այս մասին հայտնում են ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Առավոտյան՝ մինչ ամփոփիչ խորհրդակցությունը, տեղի է ունեցել 10 նորանշանակ հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը:
Հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը վարել է Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը:
Ըստ սահմանված օրակարգի՝ աշխատանքային խորհրդակցության ընթացքում ծառայության բաժինների պետերը ներկայացրել են տարեկան հաշվետվությունը՝ ինչպես հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների, այնպես էլ բաժինների կողմից իրականացված այլ առանցքային միջոցառումների վերաբերյալ: