Կոնկրետ սպառնալիքներ են հնչում իմ անձին, ընտանիքին ու գործընկերներին վերաբերող. Մանվել Գրիգորյանի պաշտպան
Փաստաբանների անունից ոստիկանապետին և դատախազին դիմում եմ ներկայացնելու, որ միջոցներ ձեռնարկեն և քրեաիրավական գնահատական տան կոնկրետ անձանց կողմից փաստաբանների նկատմամբ հնչեցվող սպառնալիքներին: Այս մասին հայտնել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:
«Կոնկրետ սպառնալիքներ են հնչում իմ անձին, իմ ընտանիքին, իմ գործընկերներին վերաբերող: Այսպես կոչված երիտասարդ ակտիվացած տարրերը թող չկարծեն, թե կմարսեն և կմնան անպատիժ: Իրավական դաշտում գործող փաստաբանները, իրավապաշտպանները միավորվելու միտում ունեն, և արդար դատախազների ու դատավորների հետ միասին կարող ենք կանգնել կողք կողքի»,- շեշտեց նա:
Արսեն Մկրտչյանն ասաց, որ սպառնալիքները հնչում են տարբեր տիրույթներում, թե կոնկրետ ովքեր են հնչեցնողները, նա չմանրամասնեց:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործին՝ Արսեն Մկրտչյանն ասաց, որ այժմ գործի հետ կապված ամեն ինչ արվում է կայծակնային արագությամբ, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննությունը. պատճառն այն է, որ մեղադրական կողմը, վարույթն իրականացնող մարմինն ուզում է ամեն ինչ անել, որպեսզի նրա խափանման միջոցը արագ փոխվի, քանի դեռ Մանվել Գրիգորյանը կալանավորված էր, բոլոր գործընթացները ձգձգում էին, հիմա հակառակն է:
«Մանվել Գրիգորյանի գործով իրական արդարադատության վրա ճնշում է գործադրվելու: Նկատի ունենալով այն, որ տեղեկացվել ենք, թե խափանման միջոց գրավի կիրառման հետ կապված դատախազության բողոքը քննելու է Արսեն Նիկողոսյանը, ենթադրում եմ, որ դատարանը հնարավորինս արագ քննության կառնի բողոքը, որպեսզի դատախազության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն, և դատախազությունը կարողանա տեղեկացնի ակտիվիստներին, ովքեր որ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքում են»,- շեշտեց նա:
Արսեն Մկրտչյանն ասաց, որ օրվա ընթացքում 2 անգամ այցելում է Մանվել Գրիգորյանին, նրա առողջության հետ կապված դրական դինամիկա չկա: Պաշտպանը նաև նշեց, որ Գրիգորյանի առանձնատան մոտ ոստիկանության ուժեղացված ծառայություն չի նկատել: