Ի՞նչ վտանգ է ներկայացնում արհեստական եղևնին. բնապահպանի անդրադարձը բնական ու արհեստական տոնածառերին
Բնապահպան Սիլվա Ադամյանը դեմ է Նոր տարվան տանը եղևնի ունենալու համար ծառահատմանը: Նա տեղեկացրեց, որ արհեստական եղևնիները որպես թափոն իրենցից վտանգ են ներկայացնում:
«Եվրոպական որոշ երկրներ ուսումնասիրել են, թե ինչպիսի վտանգ է իրենից ներկայացնում պլաստմասե եղևնին և ինչպիսի թափոններ կարող են կուտակվել այն երկրներում, որոնք մեծ քանակությամբ պլաստմասե եղևնիներ են օգտագործում»,-ասաց նա և նշեց, որ շատ երկրներում օրինակներ կան, թե ինչպես են վերամշակում բնական եղևնիները, և դա պետական մոտեցում է այդ խնդրին:
Ըստ նրա` եղևնիների նկատմամբ մեր մոտեցումները շատ հետ են ընկել աշխարհի մոտեցումներից: «Բնական եղևնիների և պլաստիկե եղևնիների մոտեցումներն այսօր բոլորովին այլ են, աշխարհն ունի նոր մոտեցումներ, և այն, ինչ մենք հիմա անում ենք, վաղուց մնացել է պատմության գիրկը»,-ասաց նա և նկատեց, որ այսօր Երևանում սարսափելի քանակություն կա պլաստիկե եղևնիների:
Բնապահպանը նշեց, որ չի կարող վստահ ասել, թե այդ եղևնիները բերվում են Վրաստանից, թե մեր անտառներից: Իհարկե, նա նշեց, որ չի կարելի հատել ծառերը, բայց որքան հանդիպել է վաճառքի կետերում, դրանք եղել են Վրաստանից ներկրված, և բացի այն, որ վաճառողները ներկրման փաստաթուղթ են ներկայացնում, այդպիսի եղևնի պրակտիկորեն չի կարող Հայաստանում աճել:
Հարցին, թե եթե մի կողմից չի կարելի հատել, իսկ մյուս կողմից արհեստական եղևնին իրենից վտանգ է ներկայացնում, ինչպես վարվի հանրությունը, Սիլվա Ադամյանը նշեց, որ պետք է հողի մեջ գնել, մեծացնել և խնամել եղևնին: Ըստ նրա` այդպիսի մշակույթ պետք է ձևավորվի: