600 դիտորդներից 3-ի նկատմամբ ճնշման փորձ է եղել. Սաքունց
«Ընտրատեղամասերում դիտարկում իրականացնող 600 դիտորդներից 3-ի նկատմամբ ճնշման փորձ և ոչ բարյացակամ վերաբերմունք է դրսևորվել: Նույնիսկ փորձ է արվել մեկ դիտորդի հեռացնել տեղամասից: Բողոք ներկայացնելուց հետո գործընթացը կասեցվել է»,- դեկտեմբերի 10-ին այս մասին ասաց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
84 դիտորդներով իրականացվել է երկարաժամկետ դիտորդական առաքելություն բոլոր մարզերում, իսկ քվեարկության օրը 300 տեղամասերում կարճաժամկետ առաքելություն է իրականացրել 600 դիտորդ:
Համաձայն դիտարկման՝ ընտրական ցուցակի հետ կապված խնդիր չի արձանագրվել տեղամասերի 89.7 տոկոսում, մնացած խախտումները վերաբերել են ցուցակներում մահացած անձանց ներգրավված լինելու փաստին կամ այլ անձանց կողմից ստորագրելու դեպքերին: Ցուցակների հետ կապված լուրջ խնդիրներ չեն արձանագրվել:
«Մի քանի անձի միաժամանակյա մուտքը քվեարկության խցիկ, որը կարող է էական ազդեցություն ունենալ արդյունքների վրա, արձանագրվել է դիտակված տեղամասերից 27 տոկոսում, իսկ այդ 27 տոկոսը մտահոգող թիվ է: Շատ խախտումներ պայմանավորված են եղել հանձնաժողովների անդամների՝ կազմակերպչական ու իրավական նորմերին ոչ լիարժեք տիրապետմամբ: Եղել են դեպքեր, երբ տեղամասերից 16.8 տոկոսում քվեասենյակում գտնվել են վկայական չունեցող անձինք»,- տեղեկացրեց Արթուր Սաքունցը:
Դիտորդների կողմից 17.2 տոկոսի դեպքում արձանագրվել են նաև ընտրողների կողմից քվեարկությունից հետո դրա մասին բարձրաձայնելու կամ անձանց տեղեկացնելու դեպքեր: