Պետությունը կարող է որպես նվեր չընդունել Մանվել Գրիգորյանի և Արմեն Ավետիսյանի գույքերը
Մանվել Գրիգորյանի եւ Արմեն Ավետիսյանի՝ պետությանը տրվող գույքերը, հնարավոր է, որպես նվեր չընդունվեն, քանի որ դատախազության կողմից կարող են լինել որոշակի առարկություններ: Պետությունը չի կարող խնդրահարույց գույքը վերցնել որպես նվիրատվություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը ներկայացրել է նվիրատվության մասին գրություն: Մեկ շաբաթ առաջ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից եւս եղել է գրություն, որով պատրաստակամություն են հայտնել պետությանը նվիրել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը: Կոմիտեն պետք է նախագիծ ներկայացնի, այն պետք է շրջանառվի պատկան մարմիններում, դրական եզրակացությունները, առաջարկությունները ստանալուց հետո միայն կառավարությունը կարող է որոշել ընդունել գույքը: Իսկ կառավարության որոշման համար անհրաժեշտ է նաեւ դատախազության կարծիքը: Դատական գործընթացի հետ կապված՝ դատախազության կողմից կարող են լինել որոշակի առարկություններ»,-ասաց Բաբայանն ու շեշտեց՝ պետությունը չի կարող խնդրահարույց գույքը վերցնել որպես նվիրատվություն եւ իր վրա վերցնել խնդրահարույց պարտավորություններ:
Նրա խոսքով՝ այդ ամեն ինչն ուսումնասիրվելու է: Շատ հավանական է, որ գույքը որպես նվեր չընդունվի, քանի որ հավանական է հետագայում դրա բռնագանձումը: «Ենթադրելի է, որ գույքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հակառակ դեպքում նվեր չէին տա: Կառավարությունը չի շտապում գույքը որպես նվեր ընդունել: Գույքը կամ բռնագանձվելու է, կամ հաշվի առնելով նպատակահարմարությունը՝ նվեր ընդունվի»,-ասաց Բաբայանը:
Նրա կարծիքով՝ նվիրատվություն կատարելով միգուցե փորձել են գործընթացներն արագացնել, իրենց մեղքն ընդունել եւ հասարակության աչքին ապաշխարել: Բաբայանի համոզմամբ՝ անցումային արդարադատությունը եւս պետք է այս հարցերով զբաղվի: Նվիրատվությունների արժեքների վերաբերյալ որեւէ հստակ տեղեկություն չկա: Մանվել Գրիգորյանի նվիրատվության չափը մասնավոր ընկերության գնահատմամբ 5 մլրդ դրամ է: Սակայն եթե պետությունը որոշի, որ գույքն ընդունում է, գնահատում կանի: Մանվել Գրիգորյանն առաջարկում է մեկ գույք, մեկ ընդհանրական բաց բաժնետիրական ընկերություն՝ 25 տարբեր վկայականներով: Մեկ ընդհանրական պարսպապատ տարածքում կան հյուրանոց, առանձնատներ, ձիաբուծարան, կուղբաբուծարան եւ այլն:
Գույքը գտնվում է Էջմիածնի Ակնալիճ եւ Տարոնիկ գյուղերի համայնքային տարածքներում: Բաբայանի կարծիքով՝ եթե կառավարությունը որոշի գույքն ընդունել, նպատակահարմար կլինի ըստ իրենց ֆունկցիաների մասնատել գույքը, եւ յուրաքանչյուրը վաճառել այնպես, ինչպես որ կա, օրինակ՝ հյուրանոցը որպես հյուրանոց: Նույնը վերաբերում է նաեւ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցին: Կոմիտեի նախագահի կարծիքով՝ նպատակահարմար կլինի գույքը ներկայացնել աճուրդի: Եվ խոշոր ներդրողները՝ հյուրանոցային ցանցերը կարող են հետաքրքրություն ցուցաբերել:
Կոմիտեի կողմից ուղարկվող նախագիծը մտնելու է կառավարության նիստ՝ զեկուցվող կամ չզեկուցվող հարցի տեսքով: Ընդունելու դեպքում կոմիտեն գնահատում է անելու, եւ աճուրդի համար սահմանվելու է որպես մեկնարկային գին: