ՕԵԿ-ը Հայաստանը փոխելու 50 քայլ է առաջարկում
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր խոսել է այն մասին, թե ինչ խնդիրներ է նկատում այսօրվա իշխանության վարած քաղաքականության մեջ և ինչ լուծումներ է տեսնում ՕԵԿ-ը:
«Այսօր խոսվում է պետական ապարատի հնարավոր մեծ կրճատումների մասին. սա մտահոգություն ու մարտահրավեր է: Եթե այսօր խոսվում է 10 հազար ուսուցչի հնարավոր կրճատման մասին, սա լրջագույն մարտահրավեր է ,- ասել է Բաղդասարյանը:
Ըստ Բաղդասարյանի՝ վտանգավոր է համատարած հայտարարագրման թեզը, որը հրապարակ է նետվել.
«Մենք ասում ենք, որ այս մոտեցումը լիովին անընդունելի է, չի կարելի նման մեխանիզմներով գնալ առաջ: Մենք ասում ենք՝ ցածր հարկերը նշանակում են տնտեսության աշխուժացում, բարձր հարկերը ճնշում են նախաձեռնողականությունը»:
Բաղդասարյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այսօր շրջանառության մեջ են դրվել մի շարք հարկատեսակների բարձրացման օրենքի նախագծեր: ՕԵԿ նախագահը հավելել է, որ չկա տնտեսական զարգացման ռազմավարություն, մարտավարություն, ինչը խնդիր է, իսկ ՕԵԿ-ը մրցունակ և բոլոր ոլորտների հարցերին պատասխան տվող ծրագիր է առաջարկում՝ 50 քայլ, որը կփոխի Հայաստանը:
Նրա խոսքով՝ՕԵԿ-ին ԱԺ արտահերթ ընտրություններում պետք է ձայն տա կրթված, գրագետ, փորձառու, մտահոգ մարդը, որն ունի վերլուծելու կարողություն: